Թուրք-գերմանական հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում՝ Թուրքիան արգելափակել է նաև գերմանացի պատգամավորների մուտքը Անկարայից 250 կմ հարավ գտնվող Քոնիայի ռազմակայան, որտեղ տեղակայված մի քանի տասնյակ գերմանացի զինվորները ՆԱՏՕ-ի համատեղ զորախմբում պայքարում են «Իսլամական պետության» դեմ:
Բունդեսթագի՝ պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխը տեղեկացրեց, որ Անկարան խնդրել է հետաձգել գերմանացի 7 օրենսդիրների այցը՝ որպես պատճառ նշելով երկկողմ հարաբերությունների ոչ այնքան բարենպաստ վիճակը: «Այս պայմաններում ես մեր զինվորների՝ Թուրքիայում մնալու մանդատի երկարաձգումն անհնար եմ համարում»,- ասել է Բունդեսթագի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Ավելի վաղ Անկարան արգելել էր Բունդեսթագի ներկայացուցիչների մուտքը Ինջիրլիք. ամիսներ շարունակված բանակցություններից հետո, Բեռլինը, ի վերջո, որոշել էր դուրս բերել զորախումբն այդ ռազմակայանից: Այժմ գերմանացիները ուզում են նույն որոշումը կայացնել Քոնիայի դեպքում: Կանցլեր Անգելա Մերկելը, չբացառելով այդ սցենարը գերմանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հորդորեց չշտապել: «Այդ ողջ պատմությունը, անկասկած, շատ ցավալի է, սակայն եզրահանգումներ անելուց և վերջնական որոշումներ կայացնելուց առաջ մենք պետք է փորձենք բանակցել և հարցը լուծել ՆԱՏՕ-ի օգնությամբ: Հստակ է՝ գերմանացի զինվորները ենթարկվում են Բունդեսթագին, և մեր պատգամավորները պետք է նրանց հետ անարգել տեսակցելու իրավունք ունենան»,- ասաց Գերմանիայի կանցլերը: Անգելա Մերկելի հետ զրույցում գերմանացի լրագրողները հետաքրքրվել են՝ գուցե Անկարան արգելափակում է Բունդեսթագի պատգամավորների մուտքը, որ Բեռլինը արտահանձնի՞ Էրդողանի ընդդիմախոսներին:
«Այս երկու հարցերը միմյանց հետո որևէ կապ չունեն»,- արձագանքել է Գերմանիայի կանցլերը՝ միաժամանակ ընդգծելով. «Եթե դա է թուրքերի պահանջը, մենք, անկասկած, մերժելու ենք, այդ հարցով բանակցություններ ընդհանրապես չեն կարող լինել»: